Yazar Սոֆիա Յակոբեան
Başlık «ԱՌԱՆՑ ՀԱԼԷՊԻ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ» ԿԱՄ «ՀԱԼԷՊԸ ԴՈՒՔ ԷՔ»
Yayın Գանձասար
Tarih 02.11.2018

«Առանց Հալէպ Մնացածները» կամ «Հալէպը Դուք Էք»` ինչպէս ուզում էք կարդացէք, թուրք լրագրող Սերտար Քորուջուն թուրքերէն «Հալէպ’ ՍԻԶԼԵՐ» վերնագրում երկուսն էլ տեղաւորել է:

 

Իսթանպուլում գործող հայկական «Արաս» հրատարակչութեան կողմից լոյս ընծայուած, Հալէպի պատերազմի տաժանակիր 5 տարիների ընթացքում առանց Հալէպի մնացած, բայց հէնց Հալէպի դէմքը կազմող սիրիահայութեան պատմութիւնները, յոյսերը, երազներն ու նպատակները փոխանցող գիրքն արդէն վաճառքում է:
Հրանդ Տինքի հիմնադրած «Ակօս»ի առաջին թուրք լրագրողին՝ CNN Turk-ի խմբագիրներից Սերտար Քորուջուին Հայաստանում շատերն են ծանօթ. Իսթանպուլում ամէն հանգստեան օրերին տարբեր գրադարաններից հայատառ հին նամակներ պեղող եւ հաւաքող, թուրք գանձագողներին ինթերնեթային կայքերով գտնող ու զանգերով նրանց հոգիների հետ խաղացող, իր թուրք ու այլազգի ընկերներին հայաստանեան ճանապարհորդութիւնների լուսանկարներով խեղդամահ անող, Երեւանը շատերիս հէնց իր «աչքով», ասել է թէ` իր լուսակարներով սիրել տուած, ու մինչ մենք` սփիւռքահայերի թոռներս մեծամտօրէն չենք մոռանում շեշտել, թէ «հայաստանցիները ճաշ եփել չգիտեն»` Այնթապի, Ատանայի, Ուրֆայի ու Իսթանպուլի բոլոր քեպապները համտեսելուց յետոյ անգամ Երեւանում քիւֆթա համտեսելիս «Վախ մամա ճան» ասել յաջողացնող մեր Սերտարը:
Սակայն ես Սերտարի մասին յիշելիս մէկ այլ, շատ իւրայատուկ բան եմ յիշում. Երեւանի փողոցներով քայլելիս յանկարծակի նրան տեսնելուն պէս մօտեցող ու գրկախառնուող հալէպահայերին:
Այո՛, ճիշդ էք կարդացել, ճիշդ:
«Եաա, ճանիկս, ինչ ուզում ես ասա` ես Երեւանում «հալէպական» շրջապատ ունեմ», ասում է թուրք գործընկերս` երջանկութիւնից, շոյուածութիւնից ու ոգեւորուածութիւնից ուրախ քրքջալով:
Պիտի, ի հարկէ, հիասթափեցնեմ ու ասեմ, որ Սերտարը ո՛չ հայ տատ ունի, ո՛չ մեղքի զգացում պապիկի փոխարէն, ո՛չ էլ հայ սիրելի է ունեցել:
Իսկ ինչպէս Սերտարը դարձաւ «մեր Սերտարն» ու ինչպէս մինչ 2007-ի Յունուարի 19-ը հեռախօսում գրանցուած «Հրանդ պէյ»ը ուշացումով, բայց դարձաւ «Հրանդ ախպարիկ» ու արդէն ոչ թէ հեռախօսի գրանցամատեանում, այլ կեանքում, յօդուածներում ու հոգում` կը խօսենք մէկ ուրիշ անգամ:
Սիրիացի փախստականների կեանքի պատմութիւնների շուրջ Սերտար Քորուջուն սկսել էր աշխատել դեռեւս 2013 թուականին, երբ միկրացիոն ճգնաժամը այդքան մեծ ծաւալի չէր հասել եւ գուցէ չէր էլ ենթադրւում, որ կը հասնի նման մակարդակի:
Թուրքիա հասած սիրիացիները դեռ տարածուած էին միայն Սիրիայի հետ սահմանամերձ քաղաքներում ու այսօրուայ պէս չէին հասել մինչեւ Իսթանպուլ ու այլ արեւմտեան քաղաքներ: Այնուամենայնիւ` սա հէնց այն շրջանն էր, երբ միկրացիոն ամենամեծ ճգնաժամն արդէն թակում էր ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ աշխարհի դուռը:
Հէնց այս ընթացքում էր, որ Թուրքիայում յայտնուած տարբեր ազգութիւնների ներկայացուցիչ սիրիացի ներգաղթեալների հետ աշխատանքի շրջանակներում Սերտարը հասցրեց հրապարակել թեմայի վերաբերեալ 2 գիրք:

 

«Իմ նպատակն էր լսել նրանց կեանքի պատմութիւններն ու, ներգաղթեալների բոլորիս ներկայացուող թուաքանակից զատ, ցոյց տալ այստեղ նրանց վերապրածները: Այս աշխատութիւնը պատրաստելիս մի բան նկատեցի: Տեսէք, արաբները, քրտերն ու թուրքմէնները գալիս են Թուրքիա: Նրանք իրենց հետ բերում են Սիրիայի պատմութեանը վերաբերող շատ յիշողութիւններ. օրինակ` որոշ քուրտ ընտանիքներ պատմում էին, որ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, որը նրանք անուանում են «Պերֆա Սոր», այսինքն` «Կարմիր ձիւն», նրանց շարքերից աքսորուել են նաեւ քրտեր, որոնք չէին աջակցում Օսմանեան իշխանութիւններին, եւ որ այս պատճառով նրանք Սիրիայում էին, սակայն այժմ վերադարձել են նախնիների ապրած երկիր: Արաբ ընտանիքներից յատկապէս Տէր-Զօրից եկողները յաճախ էին խօսում հայ տատիկների մասին: Սակայն այստեղ մի պակասութիւն կար: Սիրիացի հայերը Թուրքիա չէին գալիս: Ինչո՞ւ: Սա մի հարց էր, որի պատասխանը ես, անշուշտ, գիտէի, սակայն հաւատում էի, որ այն բացատրութեան կարիք ունի եւ հէնց սա ինձ դրդեց ունենալ այս գիրքը», պատմում է Քորուջուն:
Հարկաւ` սիրիացի հայերի հետ աշխատանքը նախորդներից շատ, եթէ ոչ ամբողջովին պիտի տարբերուէր թուրք լրագրողի համար եւ, բնականաբար, դուրս գալով Թուրքիայի սահմաններից, նախագիծը նրան պիտի բերէր մինչեւ Հայաստան ու անգամ Արցախ:
«Սկզբում տարօրինակ է թւում. մարդ ինչո՞ւ պիտի մի պատերազմից փախչի ու գնայ մէկ այլ պատերազմի շրջան: Հալէպցի Էսմէրեան-Տանկուրեան ընտանիքի հետ հանդիպելու համար սկսածս արցախեան ուղեւորութիւնս ապրիլեան պատերազմից մի քանի ամիս անց էր: Առանց ժամանակ կորցնելու ինձ տարան իրենց նոր «դրախտը», որ ստեղծել էին Ստեփանակերտից քիչ հեռու եղած մի հողատարածքում: Այստեղ տնկել էին Հալէպից ու դրա շրջակայքից բերուած սերմերով տարբեր բոյսեր, իսկ դրանից դուրս սկսւում էր ձիթենիների հսկայ այգին: Գիտէ՞ք ինչ ասաց ընտանիքի հայրն ի պատասխան ապշած դէմքիս… «իմ նախնիները ցորեն էին աճեցնում, իսկ ես ձիթենի տնկեցի: Եթէ ցորեն ցանէի` աւելի շատ շահոյթ կ’ունենայի, գիտեմ: Սակայն ձիթենու արմատները տարածւում ու շարունակում են ապրել հազարաւոր տարիներ: Թող մեր արմատներն էլ այս հողում այդպէս տարածուեն ու մնան…, յիշում է Սերտարը, որը ի հեճուկս Ատրպէյճանի կողմից հետախուզման մէջ յայտնուելու վտանգին երբեք չզղջաց այս ուղեւորութեան համար»:
Ի հարկէ` դուք էլ հիմա կ’ասէք, թէ արդեօ՞ք այդքան հեշտ, այդքան «հալած իւղի պէս» են հալէպցիներն ընդունել ու սրտները բացել թուրք լրագրողի առաջ, որը թէեւ ժպտերես է, բարիացակամ ու գրագէտ, սակայն ականջից ունի կախուած «թուրքի» պիտակը, որը գուցէ հայաստանցին այդքան ծանր չմարսէր, որքան սիրիացի հայը:
«Մի պահ պատկերացրէք, որ 2016-ի ամառային ու աշնանային ամիսներն են, այսինքն` Հալէպի համար, երեւի թէ, ամենածանր շրջանը: Յատկապէս հալէպցի հայերի սրտերում համատարած ծանրութիւն ու նաեւ վախ կայ: Մի վայր, ուր դուք ծնուել-մեծացել էք, մի վայր, որ պահում է ձեր մանկութեան յուշերը կարող է մէկ վայրկեանում ի սպառ ոչնչանալ: Եւ այս ընթացքում գալիս է մէկն ու ցանկանում լսել ձեր կեանքի պատմութիւնը: Դա էլ դեռ հերիք չէ` դուք հալէպցի հայ էք, իսկ դիմացինը թուրք լրագրող: Սկզբում իսկապէս մտածում էի, որ աւարտին չեմ հասցնի նախագիծը: Նախ Թուրքիա եկածների հետ սկսեցի աշխատել եւ շատ բարդ մի հարցազրոյց ունեցայ: Այսպէս թէ այնպէս ներգաղթեալների հետ հարցազրոյցները մեծ նրբանկատութիւն են պահանջում, այս ամէնի հետ մէկտեղ էլ գումարում ես ցեղասպանութեան անցեալը… սակայն իմ բախտը բերեց, որ հարցազրոյցների մեծ մասը հայաստանաբնակ հալէպցիների շրջանում էր, որոնք աւելի ազատ էին, ինչպէս նաեւ կողքից իմ հայ ընկերներ Վարագ Քեցամանեանի ու Լեդա Քարգըջըի ներկայութիւնը, իսթանպուլահայ շատ ծանօթներ ունենալս ու երեք տարի «Ակօս»ում աշխատած լինելս մեծ ազդեցութիւն ունեցաւ», նշում է զրուցակիցս:
Գիտեմ, հիմա դուք ձեզ բռնեցիք «Թուրքիա եկած սիրիացի հայերի» մասին նախադասութեան շուրջ մի փոքր աւելի երկար կանգ առնելու մտքի վրայ: Այս թեման Հալէպի ճգնաժամի սկզբից մինչեւ վերջ կարմիր թելի պէս դանդաղ անցել է բոլորի դիմացով` այդպէս էլ մէջտեղ դուրս չգալով: Այդպիսին են նաեւ նրանք. Թուրքիայի սիրիահայերը: Կան, մէկումէջ երեւում են, բայց մեզ բոլորիս համար գոյութիւն չունեն. ո՛չ Թուրքիայի, ո՛չ Սիրիայի հայութեան, ո՛չ Հայաստանի համար: Ու այդպէս էլ ապրում են. թապուի մէջ, թապուի պէս:
Չէ՞ որ մենք թապուների սիրահար ժողովուրդ ենք. չէ՞ որ մենք երբեմն անգամ քննադատում էինք Հալէպից Քանատա հասնողներին, «Հալէպի բերդը լքողներին», ուր մնաց` թշնամական, անպէտք, ցեղասպան, Հալէպը ռմբակոծող «Ալ Նուսրային» հովանաւորող ու հալէպցիներին երկրորդ անգամ ցեղասպանութեան փորձութեան ենթարկած Թուրքիան: Չէ մի չէ, լաւ չէ՞ր մեռնէին:
Օրինակ` երբ ինձ ասում են «Թուրքիա հասած սիրիահայեր» սկզբում յիշում եմ «Թուրքիայի ձայն» նախագծում արաբերէն երգ կատարած հալէպահայ Կարոյին, ով հիացած ժիւրիին «հայ եմ» ասելու փոխարէն դողացող ձայնով հազար հեքիաթ պատմեց «մինչ իր ծնուելը» Այնթապից ու Քիլիսից Հալէպ հասած իր ընտանիքից, յետոյ թուրք հաղորդավարն էլ ամէն ինչ արեց, որ Կարօն յանկարծ ուղիղ եթերում հայերէն չ’երգի եւ բոլորը գոհ ու լուռ ետ ճանապարհեցին Կարոյին իր նոր «գաղթավայր»` Մերսին: Դէ այո՛, մեր կիլիկեան Մերսինը:
Մէկ էլ անկախ ինձանից միտքս է գալիս շատերին յայտնի հայաստանցի պատմաբան ու ազգագրագէտ, որ սոցցանցի իմ էջում հայրենասիրական բոցաշունչ ելոյթով թուքումուր էր տալիս այն «պիղծերին», որոնք Լիբանանի վրայով օդանաւով թռչելու դրամ չունենալու պատճառով Հալէպից մի կերպ հասել էին «թուրքական» Եօզղատ, Խարբերդ ու Այնթապ, իսկ թուրքական Մէճլիսի այն ժամանակուայ հայազգի պատգամաւորներից Սելինա Տողանը Իսթանպուլից եկել էր նրանց սփոփելու, սնունդ ու հագուստ բերելու:
Ես, ի հարկէ, երբեք բարձրաձայն չեմ խօսել «գնացողի» ու «մնացողի» միջեւ մեղաւորներ ու հերոսներ փնտռող ամօթալի մտածողութեան մասին իմ տածած, հազար ներողութիւն, նողկանքի մասին: Լինի դա հալէպցիների, թէ` իսլամացուած հայերի թեման:
Չեմ խօսել ու երեւի չեմ ակնկալել, որ մի օր մեր բազմաչարչար, բայց երբեմն դասեր քաղելուց ուղղակի հրաժարուող ժողովրդի մի ստուար զանգուածը կը գիտակցի, որ հէնց ապագան ու այդ ապագայում գտնուելուդ վայրը որոշելու իրաւունքիցդ զրկուած լինելն է ցեղասպանութիւնը: Այդպէս եմ համոզուած: Այդպէս եմ զգացել:
Համոզուած էի ու եմ նաեւ, որ նոյնիսկ գիտակցուած ընտրութեան հնարաւորութեան դէպքում` Քանատա, Լիբանան, Թուրքիա, թէ Հայաստան` անգամ ցանկալի ու լաւագոյն ելքով պատասխանը շատ լաւ իմանալու դէպքում կարեւոր է երեւի զսպուածութիւն ունենալ գիտակցելու, որ դա, մեղմ ասած, մեր գործը չէ եւ յարգել դիմացինի ընտրութիւնը` նրա վզից չփաթաթելով այն արժէքները, որոնք դու, չգիտես ինչու, ասոցացրել ես հայ լինելու հետ:
Այդպէս իսլամացուած հայերի փոխարէն նեղացայ, հալէպցիների փոխարէն նեղացայ, բայց չգրեցի: Գուցէ լաւ էր, որ այս տողերը, փաստօրէն, անկախ ինձնից, բայց ոչ պատահականօրէն թողեցի թուրք լրագրողն ասի. գուցէ այդպէս աւելի ամաչէք, տիկնայք ու պարոնայք փափկասուն Հայոց աշխարհի…
Որովհետեւ մի փոքր բան կայ, որ դուք մոռացել էք, բայց հայութեան հետ ոչ մի կապ ունեցող թուրք Սերտար Քորուջուն դեռ յիշում է.

 

«Պէտք է չմոռանալ, որ հալէպցի հայերն իրականում Արեւմտեան Հայաստանից են, այսինքն` հին հալէպցի չեն: Այո, նրանք ծնուել-մեծացել են Հալէպում, սակայն եթէ պատմութիւնն այլ կերպ զարգանար, եթէ չլինէր ցեղասպանութիւնը` նրանք պէտք է ծնուէին Այնթապում, Քիլիսում, Վանում, Սասունում»…
Սիրիական ճգնաժամի ընթացքում Թուրքիա հասած հայերը երեւի միակն էին, որ տնուոր էին իրենց իսկ տանը, ներգաղթեալ` իրենց իսկ հայրենիքում: Երբ ատանացի հայը փախստական էր ոչ թէ Հոլանտայում կամ Շուէտում, այլ Ատանայում:
«Սիրիացի հայերի շրջանում Թուրքիա եկողներ կան, բայց քիչ: Նրանք փորձում են հնարաւորինս շատ աչքի առաջ չերեւալ: Օրինակ` գրքի հերոսներից մէկի հետ զրուցել եմ Անթաքիայում եւ ստիպուած էի նրա ինքնութիւնը թաքցնել: Սա նրա միակ ու ամենամեծ խնդրանք-պահանջն էր: Դժուար չէ հասկանալ այդ վախը», պատմում է թուրք լրագրողը` յիշելով, որ հենց այդ հարցազրոյցից յետոյ էր, որ նեղսրտել էր, թէ կարող է այդպէս էլ աւարտին չհասցնել սկսուած նախագիծը:
Այն կարեւոր տարբերութիւնը, որը Սերտարը նշմարել էր Թուրքիայում եւ Հայաստանում ապրող հալէպցի հայերի միջեւ, կարող ենք, սակայն, որոշ չափով հիմք ընդունել ամբողջ աշխարհով սփռուած հալէպահայութեան ու հայաստանաբնակների համընդհանուր համեմատութեան համատեքստում:
«Շատ կարեւոր մի տարբերութիւն կայ: Ամենակարեւորը` Հայաստանում ապրող հալէպցիների այն զգացումը, որ «ես իմ տանն եմ, ոչ ոք կարող է ինձ այստեղից քշել»… յամենայնդէպս որքան որ փաստեցին իմ հարցազրոյցները` իրենք իրենց որպէս ներգաղթեալ չեն զգացել ու ընկալել: Ի վերջոյ` կայ այն հանգստութիւնը, որ նրանք եկել են մի վայր, ուր վերջապէս փոքրամասնութիւն չեն: Այստեղ ոստիկանն էլ է հայ, փողոցի հաւաքարարն էլ: Այդ իսկ պատճառով է, որ առաւել համարձակ են խօսում ապագայի ծրագրերի ու երազանքների մասին է», փաստում է գրքի հեղինակը:
Այս ամէնի հետ մէկտեղ Սերտարը չի կարող չնշել, որ հալէպցի ու հայաստանցի հայերի միջեւ մշակութային անդունդը տեսանելի ու շօշափելի է անզէն աչքով, նոյնիսկ` հայութեան հետ ոչ մի կապ ունեցող թուրք լրագրողի աչքերով:
«Հայաստանը յետսովետական երկիր է, մարդկանց սովորութիւններն էլ ինչ-որ տեղ այդ հասարակարգի անցեալի վրայ են հիմնուած: Մինչդեռ հալէպցի հայերը խորապէս կապուած են Սիրիայի մշակոյթին, հնում Ֆրանսիայի հետ ունեցած կապից ելնելով էլ ազդեցութիւն են կրել թէ՛ Արեւմուտքից, թէ՛ Մերձաւոր Արեւելքից: Այս առումով տարբերութիւնները զարմանալի չեն:
ինձ հետ զրուցած սիրիացի հայերի մեծ մասը թուրքերէն գիտէր: 1980-ականներին ծնուածների հետ ես նոյն մուլտֆիլմերն ու հեռուստասերիալներն եմ դիտել: Բայց այս չնայած այս ամէնին` ցեղասպանութեան անցեալը թոյլ չի տալիս նրանց մնալ կամ դառնալ Թուրքիայի մասնիկ», շարունակում է Քորուջուն` անկախ իրենից փաստելով ցեղասպանութեան ամենամեծ ու երբեք չշտկուող բիծը` երկրների, հասարակութիւնների, լեզուների ու մշակոյթների միջեւ մնալու, սակայն իրականում այլեւս ոչ մի տեղի չպատկանելու հայերի դատավճիռը: