Yazar Սոֆիա Յակոբեան
Başlık «Առանց Հալեպի մնացածները» կամ «Հալեպը դուք եք». Ստամբուլում լույս է տեսել սիրիական հակամարտության ժամանակ փախստական դարձած հայերի մասին գիրք
Yayın ԹԵՐԹ.am
Tarih 02.11.2018

Թուրքիայում հրատարակվել է սիրիական հակամարտության տարիներին հայկական սփյուռքի մայր համայնքի՝ հալեպահայության վերապրածների մասին թուրքերեն գիրք, այն լույս է ընծայել Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը:

 

Գրքի հեղինակ թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից ու «Ակօս» հայկական պարբերականի նախկին լրագրողներից Սերդար Քորուջուն 2013 թվականից սկսած նախագծի շրջանակներում զրուցել է Հալեպը հարկադրված լքած սիրիահայերի հետ Թուրքիայում, Հայաստանում ու Արցախում՝ գրքում խոսելով նրանց վերապրած դժվարությունների, ցեղասպանություն վերապրած հայերի ժառանգները լինելով հանդերձ պատմության մեջ երկրորդ անգամ փախստական դառնալու ճակատագրի, ապագայի հեռանկարների, երազանքների ու նպատակների շուրջ:

Գրքի թուրքերեն «Հալեպ'սիզլեր» վերնագիրը կարելի է կարդալ միանգամից երկու կերպով՝ «Առանց Հալեպի մնացածները» կամ «Հալեպը դուք եք»: Աշխատությունը Ստամբուլում վաճառքում է արդեն այսօրվանից:

 

«Պետք է չմոռանալ, որ հալեպցի հայերն իրականում Արևմտյան Հայաստանից են, այսինքն՝ հին հալեպցի չեն։ Այո, նրանք ծնվել-մեծացել են Հալեպում, սակայն եթե պատմությունն այլ կերպ զարգանար, եթե չլիներ ցեղասպանությունը, նրանք պետք է ծնվեին Այնթապում, Քիլիսում, Վանում, Սասունում: Ինձ հետ զրուցած սիրիացի հայերի մեծ մասը թուրքերեն գիտեր։ 1980-ականներին ծնվածների հետ ես նույն մուլտֆիլմերն ու հեռուստասերիալներն եմ դիտել։ Բայց չնայած այս ամենին՝ ցեղասպանության անցյալը թույլ չի տալիս նրանց մնալ կամ դառնալ Թուրքիայի մասնիկ», - Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարի» հետ զրույցում պատմում է Քորուջուն:

 
Պարբերականի հետ զրույցում թուրք լրագրողը փաստել է, որ իր նախագծի շրջանակներում իր ամենատպավորիչ ուղևորութունն Արցախ այցն էր ու զրույցն այնտեղ հաստատված սիրիահայերի հետ:

«Սկզբում տարօրինակ է թվում․ մարդ ինչո՞ւ պիտի մի պատերազմից փախչի ու գնա մեկ այլ պատերազմի շրջան։ Հալեպցի Էսմերյան-Տանգուրյան ընտանիքի հետ հանդիպելու համար սկսածս արցախյան ուղևորությունս ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց էր։ Առանց ժամանակ կորցնելու ինձ տարան իրենց նոր «դրախտը», որ ստեղծել էին Ստեփանակերտից քիչ հեռու եղած մի հողատարածքում։ 

 

Այստեղ տնկել էին Հալեպից ու դրա շրջակայքից բերված սերմերով տարբեր բույսեր, իսկ դրանից դուրս սկսվում էր ձիթենիների հսկա այգին։ Գիտե՞ք՝ ինչ ասաց ընտանիքի հայրն ի պատասխան ապշած դեմքիս․․․ «Իմ նախնները ցորեն էին աճեցնում, իսկ ես ձիթենի տնկեցի։ Եթե ցորեն ցանեի՝ ավելի շատ շահույթ կունենայի, գիտեմ։ Սակայն ձիթենու արմատները տարածվում ու շարունակում են ապրել հազարավոր տարիներ։ Թող մեր արմատներն էլ այս հողում այդպես տարածվեն ու մնան․․․», - հիշում է Քորուջուն, որը ի հեճուկս Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ հայտնվելու վտանգին՝ իր հավաստմամբ՝ ոչ մի վայրկյան չի զղջում Արցախ գնացած լինելու համար: